Չէ՛, հարգելի ընթերցող, մենք մեր հերթին, դուք էլ ձեր, լրջորեն թերագնահատել ենք Քանաքեռ-Զեյթուն (այսուհետ` Ք-Զ) համայնքի թաղապետ, այսօր արդեն Ք-Զ վարչական շրջանի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ։ Սույն պարոնն արեց անհնարինը` գերազանցեց ինքն իրեն։ Անհավանակա՞ն է։ Թերևս։ Բայց նաև փաստ է, համառ ու աներեր։ Պատվարժան ընթերցողին, տիար Քոթանջյանին և վարչական շրջանների ղեկավարների «որպիսության թնդությունը» չափող վերին ատյաններին հիշեցնենք եղելությունը, մի քանի դիտարկումներ կատարենք և մեր ու վարչական շրջանի բնակչության տագնապը կիսենք ընթերցողի հետ։
Եվ այսպես. «Իրատես de facto»-ի թիվ 7-ում (7-9 սեպտեմբերի, 2010 թ.) «Երբ աջ ձեռքն անտեղյակ է, թե ինչ է «մոգոնում» ձախը» վերտառությամբ հրապարակման մեջ լուսաբանվել էր Ք-Զ վարչական շրջանի ղեկավար Ա. Քոթանջյանի, ամենամեղմ բնորոշմամբ` արտառոց վարքագիծը։ Արտառոցության սանդղակը հստակեցնենք մի քանի պատկերավոր օրինակով։ Քոթանջյանն առանց այլևայլության միևնույն տարվա միևնույն ամսի միևնույն օրը (2008-ի դեկտեմբերի 18-ին) թիվ 772850 պայմանագիրն է կնքում Պ. Սևակի 1/1 շենքի բնակիչ Ալբերտ Աբրահամյանի հետ և օգտագործման հանձնում շենքին հարակից 20 քմ հողատարածքը։ Այստեղ տեղին է հիշել, որ Ա. Աբրահամյանը 1993-ից բնակվում է սույն հասցեում, կարգի է բերում տարածքը և օգտագործում այնտեղ տեղակայված և իր սեփականությունը հանդիսացող տնակ-խորդանոցը։ Սակայն 2008-ին «անսպասելի» հրդեհ է ծագում տարածքում, ինչին զոհ է գնում նաև խորդանոցը, և ինչը հաջողվում է մարել միայն հրշեջների օգնությամբ։ Բնականաբար, հրկիզողն անհայտ է մնում։ Օրեր անց էլ պարզվում է, որ վարձակալած այս տարածքում անհայտ մեկը պարսպապատման աշխատանքներ է իրականացնում, դարպաս տեղադրում, մի խոսքով` սույն տարածքում հիմնավոր շինարարական ծրագրեր կենսագործելու անթաքույց հայտ ներկայացնում։ «Անհայտ մեկը», պարզվում է, հարևանն է` նախկին ոստիկան Ռաֆայել Դավթյանը, համեմատաբար նորաբնակ, ում ձեռքում ևս... թիվ 772850 պայմանագիրն է` ստացված դարձյալ 18.12.2008-ին։
Մի խոսքով, Ա. Աբրահամյանի քենին և վստահորդը` Լիանա Դռնոյանը, հանդիպում է վարչական շրջանի ղեկավարին և նրա աշխատասենյակից դուրս գալիս ցնցված։ Անկեղծ ասած, նմանատիպ վիճակում հայտնվեց և տողերիս հեղինակը` ինչ-ինչ պարզաբանումների նպատակով հեռախոսազրույց ունենալով Ա. Քոթանջյանի հետ։ Իմ պատկերացմամբ, պարոն Քոթանջյանին հոգեբանական «տեխասմոտրի» պետք է ենթարկել, քանզի այս բացահայտ ապօրինությունն օրենքի սահմաններում կարգավորելու փոխարեն, այն է` լուծարելու Ռ. Դավթյանի պայմանագիրը և նրան պարտադրելու սեփական միջոցներով վերացնել կառուցապատումը, «բազարային» բնույթի խոսակցություն է վարում, պայմանագրով, կնիքով ու ստորագրությամբ վավերացված հողատարածքը համարում զավթված և սանքյուլոտային (իմա` հեղափոխական) անկեղծությամբ ստում` երբ փաստն է առաջ գալիս, քաղաքացի Աբրահամյանին հատկացված հողատարածքում կեղծ պայմանագրով քաղաքացի Դավթյանը շինարարություն է իրականացնում։
Թերթի թիվ 9-ում (14-16 սեպտեմբերի, 2010 թ.) «Ո՞վ էր Արայիկ Քոթանջյանը «հեղափոխությունից» առաջ» ռեպլիկում հերթական փորձն է արվում «դարձի բերելու» իր վարչական աճպարարությունների սարդոստայնում խճճված թաղապետին։
Զո՜ւր ջանքեր։ Արայիկը հիշում է իր վառվռուն մանկությունը և առաջնորդվում «...իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» փիլիսոփայությամբ։ Սին հույսեր, «ջրի հատակն» իջնելը ելք չէ. չափից դուրս արտառոց են Արայիկի «քյալլագյոզությունները», չափից դուրս հանրահայտ են նրա հեղինակած գործարքները վարչական տարածքում։
Բազմաթիվ ահազանգերի արդյունքում պարզվում է` վարձակալական միևնույն տարածքի վրա երկու պայմանագիր վավերացնելն ուղղակի «քինդեր սյուրպրիզ» է, ոչ ավելի։ Արայիկ Ք.-ն լայնաթափ ապօրինությունների սիրահար է։ Այսպես, «նեղելով» ՈՒլնեցու փողոցում գտնվող մանկական խաղահրապարակը` տնտեսական խանութ է կառուցում որդու համար, չեղյալ համարելով դեռ շրջխորհուրդների ժամանակներից մարդկանց ձեռքին եղած միանգամայն օրինական պայմանագրերը, վաճառքի է հանում Քանաքեռի այգիների «աչք ծակող» տարածքները, որոնք, ի դեպ, պատմամշակութային արժեք ունեն և այլն, և այլն (ինչպես կասեր Գաբրիել Սունդուկյանի հանրահայտ հերոսը)։
Ցավոք, մեր օրերում հասարակական կարծիքը ոտան կոխան դարձնելը, քաղաքացու սահմանադրական իրավունքի պահպանությունն անտեսելը պետական և պատկան կառույցների կողմից ավանդական-նորանկախական արժեհամակարգ է դարձել։ Ահա և մեր թերթն անդրադարձավ անբարո երևույթին։ Եվ ի՞նչ, եղա՞վ որևէ անդրադարձ կամ արձագանք վարչական շրջանի, քաղաքային իշխանությունների կամ Ա. Ք.-ին ընտրարշավում սատարող քաղաքական ակտիվի կողմից։ Բնավ։ Նույն տղայական վարքն է, միևնույն մարտահրավերը հանրային կարծիքին` «...թքած, թե ինչ են գրում»։ Հարկ է նշել, որ Ա. Ք.-ի վարքագծի, բանական ու բարոյական սանքյուլոտացման արտառոց դրսևորումներն ի հայտ եկան վերջինիս ընտրարշավում (մանրամասները` անհրաժեշտ թվերով ու փաստերով կներկայացնենք առաջիկայում)։ Հետո ամրագրվեցին, երբ ըմբոշխնեց իշխանական «թունահաբերը»։
Ժամանակին Ա. Ք.-ին սատարեցին բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ դժգոհություն էին կուտակել տարիների ընթացքում ընդդեմ գործող թաղապետի։ Ի մասնավորի` նորաթուխ հավակնորդին լրջորեն թիկունք է կանգնում համայնքում հեղինակություն վայելող, քաղաքական և հասարակական կշիռ ունեցող, սիրված ու հարգված, հավերժ ընդդիմադիր Մանուկ Գասպարյանը։ Ա. Ք.-ն նաև քաղաքական-կարիերիստական բարձր հովանի է գտնում` անդամագրվելով ՀՀԿ-ին։ Այսպիսով, երկու լծակ են լծորդվում անդեմ ու աննկատելի այս գործչին։ Որքանով է Ա. Ք.-ն արդարացնում իրեն սատարողների սպասելիքները, այլ խոսակցության նյութ է։ Հանրահայտ է, որ նրա օգտին մեծ ծավալի աշխատանք իրականացրած Մանուկ Գասպարյանն ընտրություններից օրեր անց խոր հիասթափություն է ապրում Ա. Ք.-ից, իսկ ԱԺ վաղամեռիկ պատգամավորի հեղինակավոր հորդորներով Ա. Ք.-ին քվե շնորհած ընտրողները` Մանուկ Գասպարյանից։
Իսկ Ա. Ք.-ն սկսում է լիուլի բավարարել և այսօր էլ բավարարում է, իր իսկ պատկերացմամբ, թաղահամայնքային վարչարարների, ձեռնարկատերերի և հակահասարակական ակտիվի սպասելիքները, ճաշակը և ուրվագծվող հեռանկարները։ Մայրաքաղաքի ստվար մի հատվածը` շուրջ 200 հազար բնակչությամբ, հսկայական նյութական, հանրային և մշակութային պաշարով ի տնօրինում է հանձնվում այս պատասխանատու դիրքին բացարձակապես անհարիր մեկին։
Գլուխը քարը, ընտրական կեղծարարություններն ու նախընտրական պորտապարերը բնավ զարմանահրաշ բաներ չեն նորանկախ մեր իրականությունում։ Սակայն զարմացնում է մեկ այլ բան. Ա. Ք.-ին վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջադրողներն ու հաստատողները վերոնշյալին իրո՞ք անտեղյակ են։ Անգամ ամենապայծառ լավատեսության առկայությամբ էլ դժվար է հավատալ։
Մնում է մեկ բան. հասու դարձնել Ա. Ք.-ի հայտնի և ծածուկ հովանավորներին, որ նրանք լիարժեքորեն կիսում են այն ամեն արատավոր, անբարո և անհեթեթ արարքների, գործողությունների և մտադրությունների պատասխանատվությունը, ինչով մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջանի ղեկավարների շարքում «շողարձակում» է Ք. Ա.-ն։
Իսկ այժմ թարմացնենք ոմանց հիշողությունը հանրահայտ փաստերով։ ՈՒ դրդենք դուրս գալ լեթարգիական քնից։ Վտանգավոր է, Ա. Ք.-ի թաղապետական գահակալությունը նշանավորող խնջույքում սպանվում է մասնակիցներից մեկը։ Ծաղկաձորում շարունակված խնջույքում հախուռն ծեծկռտուք է սկսվում «յուրայինների» միջև։
Համայնքի բյուջեի հաստատման շուրջ ինչ-ինչ տարաձայնություններ են ի հայտ գալիս, ավագանու առանձին անդամներ փորձում են սեփական կարծիք ու տեսակետ ունենալ (ինչը, ի դեպ, նրանց անմիջական անելիքն է), և ոտնատակ են արվում համայնքային նորաթուխ պատուհասի վարձկանների կողմից։
Հետո նաև նռնակ է պայթում Վալերի Հարությունյանի նախընտրական շտաբում, ու ինչ-որ մեկի դաստակն է պոկվում։ Այնուհետև մանր-մունր զանազան ստորաքարշ գործեր, իշխանության չարաշահում, գանձագողության փորձեր և յուրայինների սիրաշահում ամենատարբեր մեքենայությունների միջոցով։
Անկեղծ ասած, յուրաքանչյուր հրապարակումից հետո հույսեր եմ տածել, որ Ա. Ք.-ն, ի վերջո, «դարձի կգա», որ, ի վերջո, նրա հովանավորներն ու աջակիցները կփորձեն սթափ ու անաչառ գնահատական տալ քոթանջյանական վայրիվերումներին։ Եվ յուրաքանչյուր հրապարակում համալրվում է վարչական շրջանի բնակչության նորանոր և նորաբնույթ ահազանգերով։ Լռում է Ա. Ք.-ն, լռում են նրա աջակիցները։ Սակայն սա բնավ այն դեպքը չէ, երբ լռությունը ոսկի է։ Լռությունն այս պարագայում գարշահոտում է օր օրի։ Մի՞թե դժվար է ըմբռնել, որ Քոթանջյան Արայիկ տեսակը և իշխանությունը բացարձակապես անհարիր, իրարամերժ երևույթներ են։ Դատենք միայն այն փաստով, երբ նորընտիր թաղապետ Արայիկ Ք.-ն իր նախորդի գործունեությունը սկսում է «մենթական ռազբորկայի» ենթարկել, սանտիմետր առ սանտիմետր փորփրելով հիմնանորոգված, ասֆալտապատված ճանապարհները, միլիմետրի ճշգրտությամբ չափելով տեղակայված խողովակների երկարությունն ու նրանց տեղակայման խորությունը, նորատունկ ծառաբների տրամագիծը, հավաքարարների ցախավելների փարթամությունը, ամենուր փորձելով հանցակազմեր գտնել։ Չի գտնում և քիչ անց վարչաքաղաքական հետնաբեմում ստացած մեկ-երկու դմբուզն ու աքացին գլխիվայր շուռ են տալիս նրա տղայական նկրտումները։ ՈՒ Ա. Ք.-ն «մարտական գայլից» փոխակերպվում է... Թե ինչի, դա էլ թող ընթերցողները և նրա համախոհ- սատարողները ճշգրտեն։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Գրեթե անհավանական է, որ Ա. Քոթանջյանը պաշտոնանկ արվի և վարչական շրջանն արժանավոր մի ղեկավար ունենա (մայրաքաղաքում եղել են և կան արժանավոր ղեկավարներ)։ Սակայն մեր իրականությունում պաշտոնանկ են արվում միայն ու միայն վարչաքաղաքական խաղի օրինաչափություններից հրաժարվողները։ Առայժմ Ա. Քոթանջյանը բավականին տանելի, հնազանդ և կառավարելի տեսակ է։ Եվ մեզ մնում է մեր աղբյուրների ներկայացրած նորանոր բացահայտումները հրապարակել առաջիկայում։ Եվ սպասել պատկան-պետական օղակների արձագանքին։ Հակառակ դեպքում հնարավոր չի լինի ձերբազատվել սարսափազդու այն ենթադրությունից, որ ՀՀ-ում ոչ թե ժողովրդավարություն է, այլ կիսաքրեական սուբյեկտների բռնապետություն։ Գոնե Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։